Հայկական գորգեր

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով։

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը։

Leave a comment